26/04/2018 15:33
Տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը հերքում է, թե ՀՀԿ-ից «առնետավազք» կա դեպի «Իմ քայլը» շարժում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը դեռ չի կարող ասել՝ կլինի՞ հաջորդ կառավարությունում, թե՞ ոչ:
«Բոլորս բնականոն աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել, մինչև, եթե որոշեն նոր ընտրություններ անցկացնել», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում լուրերին, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական պիտի տա, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Ցանկացած բան կարելի է այսօր ասել, բայց կարևորը, որ կառավարությունն աշխատում է»:
Կաշխատի՞ Մարտիրոսյանը կառավարությունում, եթե իշխանափոխություն լինի, և իրեն էլ առաջարկ լինի, նա պատասխանեց. «Եթե-ներով եկեք չխոսենք, ես բոլորին էլ հորդորում եմ աշխատել»:
Վահան Մարտիրոսյանը հերքեց լուրերը, թե ՀՀԿ-ից «առնետավազք» կա դեպի «Իմ քայլը» շարժում: