26/04/2018 13:26
Վիեննայում կասեցվել է Uber-ի աշխատանքը
Ավստրիայում Վիեննայի առևտրային դատարանը կասեցրել է Uber տաքսի ծառայության աշխատանքը երկրի մայրաքաղաքում: Դատարանը, մասնավորապես, վճռել է, որ Uber-ի աշխատանքի մեթոդները չեն համապատասխանում վիեննական տաքսիների համար սահմանված կանոններին, հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Taxi 40100 ընկերության հայցին:
Ընկերության փաստաբանի խոսքով՝ դատական արգելքի ցանկացած խախտման համար ամերիկյան տաքսի ծառայությանը մինչև 100 հազար եվրո տուգանք է սպառնում:
Միևնույն ժամանակ, Uber-ի ներկայացուցիչը խոստացել է փոփոխել կանոններն օրենքներին համապատասխան և նշել է, որ տաքսի ծառայությունը կրկին կաշխատի օրեր անց: