26/04/2018 17:09
Կայացվել են ստրատեգիական որոշումներ. Փաշինյանն այսօրվա հանրահավաքին «չափազանց կարևոր» ասելիք ունի
Կայացվել են ստրատեգիական որոշումներ, որոնց մասին կհայտարարվի այսօր` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին, այս մասին քիչ առաջ հայտարարեց «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Քիչ առաջ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Իմ Քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների և ուսանողական շարժման ներկայացուցիչների համատեղ նիստը և դրանում մենք քննարկում էինք այսօր բոլորիս հուզող հարց, թե ի՞նչ քայլերով պետք է շարունակվի մեր հայտարարած թավշյա հեղափոխությունը, որոնց հիմնական նպատակն այն է, որ հեղափոխությունը պետք է հետևողականորեն շարունակվի և իր հետ պետք է բերի իրական և ոչ թե կեղծ փոփոխություններ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց` ակնկալում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունն այսօրվա հանրահավաքին, որովհետև դրանում «չափազանց կարևոր, ստրատեգիական բնույթի ասելիք է հնչելու»: