26/04/2018 20:07
Երևանում կտրուկ աճել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը. հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը
2018թ. ապրիլի 23-ին երեկոյան Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է մեկամյա երեխա և տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել երկու ուղևոր, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Նշված, ինչպես նաև վերջին օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային հանցագործությունների փաստերով քննության տվյալները վկայում են, որ դրանց զգալի մասն առանց հաշվառման համարանիշերի կամ դրանք թաքցված ավտոմեքենաներով, ճանապարհային երթևեկության այլ կանոնների ակնհայտ և կոպտագույն խախտումներով երթևեկելու, այդ կերպ վարքագծի համընդհանուր կանոնները, բարոյական և իրավական նորմերը, այլ անձանց իրավունքներն ու ազատություններն արհամարհելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ուղղակի հետևանքն են:
Հարկ ենք համարում նշել, որ եթե 2018թ. առաջին երեք ամիսներին միասին վերցված Երևան քաղաքում արձանագրվել է 133 ճանապարհատրանսպորտային հանցագործության դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 62: Ընդ որում՝ եթե այդ հանցագործությունների հետևանքով նշված եռամսյակի ընթացքում մահվան ելք է ունեցել 17 դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 5 դեպք:
ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները ճանապարհատրանսպորտային հանցագործություններ կատարած անձանց բացահայտման և քրեաիրավական միջոցների խստացման ուղղությամբ»,-ասված է դատախազության հաղորդագրությունում։