26/04/2018 23:26
Ռուսաստանը չի միջամտում ՀՀ ներքին գործերին. Փաշինյանը մեկնաբանել է Կարապետյանի և Պուտինի հեռախոսազրույցը
«Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Ռուսաստանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին։
Մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը և պատասխանելով հարցին, արդյոք այն ՌԴ կողմից չեզոքության խախտում է, Ն.Փաշինյանը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է, որովհետև Ռուսաստանը, ինչպես նաև որևէ ուրիշ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»:
Նա նաև նշել է, որ «ընտրակաշառքով ձևավորված ընտրությունների արդյունքը լեգիտիմ համարելը թյուրիմացություն է»։
Հիշեցնենք, որ, ըստ Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության, Կարապետյանի և Պուտինի խոսակցության ժամանակ «ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»: