28/04/2018 19:02
Սա վատ չէ, բայց լավ էլ չէ. Հույս ունեմ՝ մյուս քաղաքական ուժերը ևս չեն փորձի գողանալ ժողովրդի հաղթանակը. Փաշինյանը` ՀՀԿ կողմից թեկնածու չառաջադրելու մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին թեկնածու չառաջադրելը վատ չէ, բայց լավ էլ չէ, այսօր Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը` հենց հարթակի վրա իմանալով, որ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու մասին:
«Սա վատ չէ, բայց լավ էլ չէ: Որպեսզի լավ լինի, ՀՀԿ խմբակցությունը ճիշտ կլինի, որ հայտարարի՝ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին», - ասաց Ն. Փաշինյանը:
Նա վերահաստատեց` պատրաստ է հանդիպել ՀՀԿ բոլոր պատգամավորների հետ.
«Պատրաստ եմ հանդիպել, որպեսզի հավաստիացնեմ նրանց, որ այս պրոցեսով, երբ ասում ենք, որ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք ասում ենք ամենայն լրջությամբ: Եվ եթե ՀՀԿ և մյուս խմբակցություններն անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ: Եվս մեկ անգամ եմ ասում` հույս ունեմ, որ այլ քաղաքական ուժերը, այլ քաղաքական գործիչները անգամ չեն փորձի գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի այդ գործիչների ու ուժերի դուրսմղմանը Հայաստանի ներքաղաքական դաշտից», - ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: