30/04/2018 15:25
Ուրախ եմ, որ եղած լարվածությունները մեզ չեն խանգարում այսպիսի աշխատանքային հանդիպումներ ունենալ. Փաշինյանը` ՀՀԿ խմբակցությանը
Ուրախ եմ, որ ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա, այսօր Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության հետ հանդիպման մեկնարկին ասաց «Իմ Քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Շնորհակալ եմ նման հնարավորության համար: Իրավիճակը գնահատելով ես կարող եմ ասել` ուրախ եմ, որ քաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա և կարող եմ մեր կողմից ասել, որ մենք տրամադրված ենք ամբողջությամբ օգտագործել այդ հնարավորությունն ու բարձր ենք գնահատում քննարկման այս հնարավորությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց` վերջին իրադարձությունների, համաժողովրդական շարժման արդյունքում կուտակվել է դրական էներգիա և քաղաքական ուժերի խնդիրն է այն ի նպաստ Հայաստանի ապագայի օգտագործել.
«Սա քաղաքական բավականին բուռն պրոցես է եղել, և հասկանալի է, որ այդ բուռն պրոցեսի կողմերից մեկը եղել ենք մենք, մյուս կողմը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հասկանալի է, որ այս ընթացքում նաև որոշակի լարվածություններ են առաջացել, դրանից առաջ էլ այդ լարվածություններն եղել են, բայց նաև ուրախ եմ, որ այդ լարվածությունները մեզ չեն խանգարում, որ կարողանանք այսպիսի աշխատանքային հանդիպումներ ունենալ և քննարկում ունենալ` փոխադարձաբար ավելի հասկանալի լինել», - ասաց Ն. Փաշինյանն` ավելացնելով.
«Մեր խնդիրն է Հայաստանում ընդհանրապես փակել ներքաղաքական թշնամանքի էջը և Հայաստանում հաստատել համերաշխության մթնոլորտ, իհարկե, օրենքի և իրավունքի վրա հիմնված: Կարծում եմ` եթե մեզ հաջողվի համատեղ ուժերով այդ մթնոլորտը հաստատել և նաև Հանրապետական խմբակցությունն այսօր՝ անկախ վերջին շրջանի իրադարձությունների նկատմամբ իր դիրքավորումից, ունի հնարավորություն նպաստելու այդ համերաշխության մթնոլորտի հաստատմանը, ապա այսպիսի զարգացումը հնարավարություն կտա, որ այս քաղաքական պրոցեսի արդյունքում մենք ունենանք ոչ թե հաղթողներ և պարտվածներ, այլ ունենանք համազգային հաղթանակ: Ամենակարևոր հաղթանակը, որ պետք է տեղի ունենա, դա լավատեսության և ապագայի նկատմամբ վստահության հաղթանակն է»: