01/05/2018 15:13
«Ծառուկյան» խմբակցությունից երկու պատգամավոր բացակա է
«Ծառուկյան» խմբակցության 2 պատգամավոր՝ Իշխան Զաքարյանը և Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), չեն գրանցվել ԱԺ-ում վարչապետի թեկնածության հարցի քննարկման ժամանակ։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք բացակա պատգամավորները իրենց քվեարկության մասին ծրար թողել են ԱԺ քարտուղարությունում, թե՞ ոչ։
Aysor.am-ին ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հստակ ոչինչ չասաց և նշեց, որ քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այդ մասին կհայտարարի։
Նշենք, որ երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցության բոլոր անդամները կողմ են լինելու Փաշինյանի թեկնածությանը։ Նաև ասել էր, որ եթե բացականեր էլ լինեն, իրենց կողմ ձայնը կփոխանցեն ԱԺ քարտուղարություն։
Վարչապետի թեկնածությունը հաստատված է համարվում այն դեպքում, երբ նրան կողմ քվեարկի 53 պատգամավոր։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մելիք Մանուկյանը վիրահատված է ու իրեն է խնդրել ԱԺ քարտուղարություն իր անունից դիմում ներկայացնել, որով քվեարկության համար ծրար կթողնվեր, մինչդեռ, Զոհրաբյանի խոսքով, ԱԺ քարտուղարությունը հրաժարվել է ընդունել գրությունը` պատճառաբանելով, որ այդ կարգը վերաբերում է միայն գործուղումներին: