07/05/2018 11:57
«Ելք»-ը խորհրդարանում կլինի Փաշինյանի կառավարության թիկունքը. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի շտապում խոսել, թե կառավարությունում ինչ տեղեր կարող է իրեն բաժին ընկնել Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Վերջինս կոչ արեց սպասել ընտրություններին, որից հետո Փաշինյանը կահավաքի կառավարություն։
Մարուքյանն ընդգծեց, որ ինքն իրեն անձամբ տեսնում է խորհրդարանում։
Դիտարկմանը, թե այդ տեղը կարո՞ղ է լինել ԱԺ նախագահի կամ խոսնակի դերը, Մարուքյանն ասաց.
«Շնորհակալ եմ, ես մի անգամ թեկնածու եղել եմ, չընտրվեցի, ինչ անենք»։
Մարուքյանը նաև ընդգծեց, որ ՀՀԿ-ն կհաստատի Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիր:
««Ելք»-ը խորհրդարանում կլինի Փաշինյանի կառավարության թիկունքը։ Հիմա պետք է աշխատենք այն ծրագրերի ու փոփոխությունների իրականացման վրա, որը կառավարությունը կբերի խորհրդարան»,- եզրափակեց խոսքը նա։