11/05/2018 11:19
Աղվան Վարդանյանի հրաժարականը վերջնականապես համարվել է ընդունված
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աղվան Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները»,- ըստ աղբյուրի, նշված է արձանագրության մեջ:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը մայիսի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։