Միայն «Շիրակի» ղեկավար մարդուկն է քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ակումբ պահում. Ռուբեն Հայրապետյան
12/05/2018 14:04

Միայն «Շիրակի» ղեկավար մարդուկն է քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ակումբ պահում. Ռուբեն Հայրապետյան

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաև «Շիրակ» ակումբի շուրջ ստեղծված սկանդալից։

«Շատ ցավում եմ, «Շիրակն» ինձ համար միշտ կարևոր ֆուտբոլային ռեգիոն է եղել, ես միշտ էլ գնահատել եմ այդ ակումբի կարևորությունը: Ես ուզում եմ «Շիրակի» բոլոր երկրպագուներին հավաստիացնել, որ իրենց ու ակումբի դեմ որևէ բան չունեմ: Մենք  փորձելու ենք աջակցել այդ ակումբին», - ասաց նա։

Նա ընդգծեց, որ միայն «Շիրակ» ակումբի ղեկավարն է քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ակումբ պահում։

«Եթե ուշադրություն դարձնեք, մենք ունենք 6 ակումբ, որոնցից միայն «Շիրակի» ղեկավար այդ մարդուկն է քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ակումբ պահում», - ասաց նա

Հիշեցնենք՝ «Շիրակ» ակումբի ղեկավարը ԱԺ պատագամավոր Արման Սահակյանն է։

« «Բանանց» ակումբը ներկայացրել է բողոք: Ի՞նչ է, ՀՖՖ-ն կամ կարգապահական կոմիտեն պետք է ընթացք չտա՞ր: Մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ իրավապահ մարմիններին չենք դիմել: Թող ոստիկանությունը քննի, եթե կգտնեն հանցագործության տարրեր, թող պատժեն: ՀՖՖ-ն ոստիկանության հետ համագործակցող կառույց չէ: Մենք հայտարարություն ենք տարածել, թող զբաղվեն», - ասաց Ռ. Հայրապետյանը։

Նա շեշտեց, թե կարգապահական կոմիտեն տվել է մաքսիմում մեղմ պատիժ: 

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին կայացել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը դիմում էր ներկայացրել ՀՖՖ՝ կազմակերպված խաղի մասին տեղեկություններ տրամադրելով:

«Հարցը ներկայացվեց Կոմիտեի նախագահ՝ Ռ.Սինոյանի կողմից: Նա հայտնեց, որ Բանանց ՖԱ-ն 04.05.2018թ. ՀՖՖ-ին ուղղված գրությամբ հայտնել է, որ Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ-ին դիմել է իրենց /դիմումը կից ներկայացված է/ և տեղեկացրել է, որ իրեն Շիրակ ՖԱ մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի Բանանց-Շիրակ հանդիպման ժամանակ:

Համաձայն Էդվարդ Կպոդոի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով Շիրակ ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար: Բանանց ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները (screenshot նկարները): Նույն օրը ՀՖՖ-ի կողմից այդ մասին տեղեկացվել է Շիրակ ՖԱ-ն և առաջարկվել է ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ: 
 
Շիրակ ՖԱ-ն 04.05.2018 թ.-ին ՀՖՖ-ին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ իրենց մոտ եղած տեղեկատվության համաձայն՝ Շիրակ ՖԱ-ի աշխատակից Արարատ Հարությունյանը կապ է հաստատել Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի հետ՝ նախկինում կուտակված պարգևավճարների հետ կապված՝ հաշվի առնելով, որ նշված ֆուտբոլիստը 2017 թվականին հանդես է եկել Շիրակ ՖԱ-ի կազմում: Ըստ Շիրակ ՖԱ-ի՝ հավանաբար, հենց այդ խոսակցության ընթացքում Արարատ Հարությունյանը, առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը, քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարց: Ի հավելումն վերոնշյալի՝ ակումբը նույն գրությամբ փաստում է, որ ակումբի ոչ մի անդամ տեղյակ չի եղել Արարատ Հարությունյանի մտադրության մասին և տեղյակ լինելուն պես անպայման կկանխեր այն: Միաժամանակ ակումբը տեղեկացնում է, որ Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ հեռացվել է ակումբից»,- ասվում էր արձանագրության մեջ:

Նշվում էր նաև, որ Արարատ Հարությունյանին պետք է ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ, իսկ  Շիրակ ՖԱ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության Շիրակ թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով:

 

 

Միայն «Շիրակի» ղեկավար մարդուկն է քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ակումբ պահում. Ռուբեն Հայրապետյան