15/05/2018 18:11
Այգին կհամալրվի քառապատիկ ավելի քանակությամբ ծառերով. Քաղաքապետարանի պարզաբանումը Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել Երևանի 2800-ամյակի այգու (Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու) շինարարության վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասված է.
«Քիչ առաջ համացանցում տարածվեց լուսանկար, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին արդեն իսկ առիթ ունեցել ենք սույնի հետ կապված տեղեկացնել, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր:
Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:
«Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին»:
Նշենք, որ համացանցում տարածված լուսանկարում երևում է, որ հատվել են բարեկարգվող այգու բոլոր ծառերը: Համեմատության համար ներկայացվում է այգու տեսքը նախկինում պատկերող լուսանկար ևս:
այգին նախկինում
այգին հիմա