16/05/2018 20:02
Պետք է բացառել Ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատարի կողմից ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը
Մարդու իրավուքնների պաշտպնանի աշխատակազմից տեղեկացնում են, որ փաստաբան Լուսինե Հակոբյանի ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է այցելել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենք:
Ըստ աղբյուրի, փաստաբանը ներկայացրել է մտավախություն, որ 2016 թվականին ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամները հնարավոր է ենթարկվեն բռնության: Այս մտավախությունն ահազանգերով ներկայացրել են նաև փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը և Հարություն Բաղդասարյանը:
Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց դատարանի շենքում գտնվող բոլոր կալանավորվածների հետ: Պարզվել է, որ նրանք բռնության չեն ենթարկվել: Այդուհանդերձ, դատարանի շենքում տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել է մտավախություն բռնության կամ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկվելու հնարավորության մասին:
Խոսքը վերաբերում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարին: Վերջինս, ըստ կալանավորվածների, 2017թ. հունիսի 28-ին իրենց ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում:
Հաշվի առնելով այս տեղեկությունը, փաստաբանների մտահոգությունները, ինչպես նաև զինված խմբի կալանավորված անդամների պնդումներն այն մասին, որ հենց Ոստիկանության այդ ծառայողն է նշվում՝ որպես նրանց ծեծի ենթարկող անձ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում Ոստիկանության այդ ծառայողի կողմից ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը:
Ոստիկանությունը պետք է անհապաղ բացառի Երևանի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարի կողմից զինված խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը կամ նրանց հետ որևէ առնչություն ունենալը:
Այս հարցը կբարձացվի նաև Ոստիկանությանն ուղղված գրությամբ: