16/05/2018 16:11
«Սասնա ծռերի» 10 անդամ կշարունակի մնալ կալանքի տակ. միջնորդությունը մերժվեց
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում խորհդրակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց պաշտպանների ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ խմբի 10 անդամի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։
Նշենք, որ ավելի վաղ այս գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի փաստաբանները դատարան միջնորդություն էին ներկայացրել` պահանջելով դատարանից փոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը ու նրանց ազատ արձակել ստորագրության դիմաց։
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը առարկել էր ներկայացված միջնորդություններին՝ դրանք համարելով անհիմն։
Մինչ որոշման հրապարակումը, Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ինքը առաջնորդվել է օրենքով։ Իսկ որոշման հրապարակման ընթացքում ամբաստանյալները ու նրանց փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը, և դատավոր Մակյանը նրանց բոլորի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ 10 ժամով հեռացնելով նիստերից։ Իսկ փաստաբանների վերաբերյալ Մակյանը հայտարարեց, որ համապատասխան գրություն կուղարկվի Փաստաբանների պալատ։
Իր որոշումը կայացնելիս դատավոր Մեսրոպ Մակյանը մասնավորապես անդրադարձավ փաստաբանների այն հայտարարություններին, թե դատավորը որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի այն, որ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել ու ասաց. «Անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերացումը կամ փոփոխումը դատարանը կարող է քննարկել միայն նրան առաջադրված մեղադրանքի համատեքստում՝ հաշվի առնելով հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի միաժամանակյա առկայությունը և բացակայությունը, ինչը արվել է նախկինում, նույնկերպ նաև այս միջնորդության քննության ժամանակ»։
Մինչ դատավորի՝ խորհրդակցական սենյակից դուրս գալը, «Սասնա ծռերի» համակիրները փակել էին Արշակունյաց պողոտան՝ պահանջելով ազատ արձակել «ծռերին»։
Նկատենք, որ օրեր առաջ այս խմբի մյուս անդամների փաստաբանները ևս դատարանում հանդես էին եկել նույն միջնորդությամբ, որը, սակայն, դատավոր Արշակ Վարդանյանը մերժել էր։