16/05/2018 11:13
Զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքում են օպտիմալացումից. Հնարավոր է՝ նրանց ընդունի Պաշտպանության նախարարը
Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում մի շարք զինվորական կոմիսարիատների աշխատակիցներ, ովքեր բողոքում են կոմիսարիատներում տեղի ունեցող օպտիմալացման դեմ: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ակցիայի մասնակիցներից մեկն, ով ներկայացավ որպես Սևանի զինկոմիսարիատի աշխատակից, նշեց, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի սկսած քաղաքականության հետևանքով Սևանի զինկոմիսարիատի օպտիմալացման հետևանքով գործազուրկ կդառնա դրա 80 տոկոսը:
Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը:
Նա նշեց, որ հարցով պետք է զբաղվի Պաշտպանության նախարարությունն ու հորդորեց բողոքի ակցիայի մասնակիցներին շարժվել ՊՆ, որտեղ իրենց անպայման կընդունեն:
«Ենթադրում եմ, որ ձեզ կընդունի ու կլսի անձամբ Պաշտպանության նախարարը», - ասաց Ալեքսանդր Ղազարյանը: