16/05/2018 13:53
Հավայիներում տագնապի կարմիր մակարդակ են հայտարարել ժայթքող հրաբխի պատճառով
Հավայիներում տագնապի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարված Կիլաուեա հրաբխի ժայթքման սաստկանալու պատճառով, հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է РИА Новости-ն:
USGS-ի տվյալով՝ հրաբխային մոխրի ամպերի բարձրությունը հասնում է 3700 մետրի:
«Ցանկացած պահի հրաբխի ակտիվությունը կարող է ավելի պայթյունավտանգ դառնալ, կարող է մեծանալ մոխրի արտանետման և ճեղքերի գոյացման ինտենսիվությունը», - նշում է USGS-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հավայան կղզիների իշխանությունները բնակչության տարահանում են հայտարարել Կիլաուեա հրաբխի ժայթքումից հետո: ԶԼՄ-ները հայտնել են, որ տարահանման մասին կարգադրությունը վերաբերել է շուրջ 10 հազար մարդու: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լավայի հոսքերը ոչնչացրել են առնվազն 30 տուն:
Կիլաուեան, որը գտնվում է Հավայի կղզում (նաև հայտնի է որպես Մեծ կղզի), համարում են Երկրի վրա ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը: