17/05/2018 14:25
Նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է Հերացի փողոցում միջադեպի գործով հանդես գալ որպես վկա
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է անհնազանդության ակցիաների ժամանակ Հերացի փողոցում ապրիլի 16-ին տեղի ունեցած միջադեպին, երբ «Մերսեդես» մակնիշի մեքենան վարեց բողոքող երիտասարդների ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել նրանց ու մեքենայի միջից դուրս եկավ մի տղամարդ ու սկսեց հարվածել ցուցարարներին։
Տեսախցիկները արձանագրել էին կատարվածը, որի անմիջական հեղինակը Մասիսի քաղաքապետ Գոռ Համբարձումյանն է եղել։ Վերջինը ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի քաղաքապետ փեսայի եղբայրն է:
Երեկ հայտնի դարձավ, որ Գոռ Համբարձումյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ այս դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ բողոքի բացակայության հիմքով: Չի բողոքել այդ օրը ծեծի ենթարկված մեկ ցուցարար:
«Մեր սկզբունքը հետևյալն է՝ երկրում բռնությունները բացառվելու են։ Բացառված է բռնության որևէ դեպք, որը ամբողջական և մինչև վերջ քննության չարժանանանա։ Որևէ դեպք, ինձ չի հետաքրքրում՝ ով է բռնության հեղինակը, քաղաքական որ ճամբարից է, որ կուսակցությունից է», - հայտարարեց Փաշինյանը։
Նիստի ընթացքում ձայն խնդրեց Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունւյանը, ասաց, որ իր համար տարօրինակ է եղել դեպքի նման հանգուցալուծումը, քանի որ ինքն այդ պահին ներկա է գտնվել Հերացի փողոցում։
«Քննչական մարմնին կոչ եմ անում ինձ որպես վկա ներգրավել այդ գործում», - հայտարարեց Հարությունյանը։
Փաշինյանն ի պատասխան ողջունեց գործընկերոջ այդ քայլը՝ նշելով, որ նախկինում չի եղել դեպք, որ նախարարը կանչվի որպես վկա ու հավելեց. «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է որևէ գործի շրջանակներում իրեն հայտնի տեղեկությունները փոխանցել իրավապահ մարմնին։ Ողջունում եմ ձեր նախաձեռնությունը»։