17/05/2018 09:10
Երևանի թիվ 186 դպրոցում 200 հազար դրամ են պահանջում՝ երեխայի ատեստատը «լավ» գնահատականներով տալու համար
Երևանի թիվ 119 ավագ դպրոցում շրջանավարտների կողմից դրամահավաքի մասին Aysor.am-ի հրապարակումից հետո մեր խմբագրություն է զանգահարել Երևանի թիվ 186 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողն ու ահազանգել խոշար չափի դրամահավաքի մասին։
«Հիմիկվա դրությամբ 9-ի «բ» դասարանում դասղեկը պարտադրել է երեխաներին 20 հազարական դրամ գումար բերել։ Իններորդ դասարանը համարվում է ավարտական դասարան և ասել են՝ ով ուզում է, որ երեխան լավ գնահատականներով ատեստատ ունենա, պետք է դրա համար վճարի 200 հազար դրամ։ Ու տեղյակ ենք, որ 5 երեխայի ծնող դրա համար գումար է վճարել», - խնդիրը ներկայացրեց Aysor.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ։
Նրա խոսքով՝ դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանն ինքն անձամբ գումար չի վերցնում և ոչ էլ ուսուցիչներին է թույլ տալիս. ուսուցիչները ծնողներին ասում են «վերևից հրահանգված է», և ծնողներն էլ սեփական ուժերով հավաքում են գումարը, փոխանցում «վերևներին»։
«Տնօրենը դասղեկներին հրահանգել է, որ իրենք գումար չհավաքեն, քանի որ կարող են հայտնաբերվել ստուգողների կողմից։ Այդ պատճառով էլ դասարանում գումարները հավաքել են ծնողները», - պատմեց մեր զրուցակիցը։
Ծնողը պատմում է, որ դպրոցի տնօրենը սկզբում «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր և ընտրություններում աշխատել է ՕԵԿ-ի օգտին, հետո, երբ ՕԵԿ-ն այլևս իշխանություն չի եղել, անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը ու շարունակել աշխատել նույն ոճով, բայց այլ կուսակցության համար։
«Մեր դպրոցն ընտրատարածք էր, ցուցակագրում էին ու մեզ պարտադրում էին քվեարկել իրենց թեկնածուների օգտին», - պատմում է երեխայի ծնողը։
Հարցին, թե ինչո՞ւ ժամանակին չէին պայքարում, դպրոցում դրամահավաքի մասին ահազանգող քաղաքացին ասաց, որ նախկինում իրենք չեն համարձակվել բարձրաձայնել խնդիրը։ Այս անգամ էլ ծնողը համաձայնեց խոսել՝ պայմանով, որ իր անունը չի հրապարակվի։
Նրա խոսքով՝ իրենք այժմ անօրինականության մասին բարձրաձայնում են՝ հույս ունենալով, որ որևէ ընթացք կտրվի կամ գումարները կվերադարձվեն։