21/05/2018 15:51
Ապրիլյան օրերի ընթացքում մարդիկ ավանդները հանել, պահել են «դոշակի» տակ, հետո բերել, դրել բանկ. ԿԲ նախագահ
Հայաստանի բանկային համակարգում ապրիլ-մայիս ամիսներին արտառոց երևույթներ տեղի չեն ունեցել, այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով փողի արտահոսք եղե՞լ է երկրից։ Ի պատասխան ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ ապրիլին ու այժմ էլ մոնիտորինգ են իրականացնում բանկերում և գրանցել են, որ մարդիկ ժամկետից շուտ խզել են ավանդները։
«Մենք ամենօրյա մոնիտորինգի ենք ենթարկել ապրիլի վերջին օրերը ու մինչև այժմ էլ մոնիտորինգ ենք իրականացնում։ Գումարի արտահոսք չի եղել, բայց բավականին մեծ գումարներ, ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, մարդիկ հանել են, տարել պահել են կամ դեպոզիտարիաներում, կամ դրել «դոշակի» տակ, հետո նորից բերել դրել են բանկում», - ներկայացրեց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ բանկին անվստահություն հայտնելով մարդիկ զգալի տուժել են՝ խզելով երկարաժամկետ ավանդը և կորցնելով ավելացվող տոկոսագումարներ։
ԿԲ նախագահը ավանդների տեսքով բանկերից հետ վերցված գումարի չափը ճիշտ չհամարեց հրապարակել, միայն ասաց՝ տասնյակ միլիոնների մասին է խոսքը, սակայն ընդգծեց, որ մայիսի 10-ից հետո դրա 50 տոկոսից մի փոքր ավելին արդեն իսկ վերականգնվել է։
«Արտառոց բան՝ օրինակ գումարի արտահոսք, չկա», - նշեց ԿԲ նախագահը։