22/05/2018 15:31
Եթե կուսակցությունը որոշի, Ալեն Սիմոնյանը կհամաձայնի ստանձնել քաղաքապետի պաշտոնը (Տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը դեռ իր աշխատասենյակը չունի և լրագրողների հետ ճեպազրույցը տվեց վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում: Ի դեպ, հրաժարվեց նստել Փաշինյանի աթոռին ու պատճառաբանեց. «Իմ աթոռը չի, ո՞նց նստեմ»:
Ի՞նչ ծրագրեր ունի, որ պետք է իրականացնի որպես խորհրդարանական հարցին, Սիմոնյանն ի պատասխան ասաց, որ նախ քննարկելու են ապագայի ծրագրերին ուղղված գործողությունները ու գնալու են այդ ուղղությամբ: Առաջնայինը, սակայն, ըստ Սիմոնյանի, արտահերթ ընտրություններին պատրաստվելն է:
Դիտարկմանը, թե Հանրապետական խմբակցությունում, կարծես, տրամադրված չեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, Սիմոնյանն արձագանքեց, որ ինքը գիտի` Հանրապետական կուսակցությունում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր մեծ հաճույքով կմասնակցեն խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
«Մենք ունենք մեր օրակարգը և ունենք ՀՀ ժողովրդի մեծամասնության սատարումը այդ օրակարգի շուրջ, որը հրապարակվել է հրապարակում, այն է` մաքսիմալ արագ գնալ ընտրությունների: Մենք շարժվելու ենք ըստ օրվա պահանջի, ըստ օրվա թելադրանքի», -նշեց Սիմոնյանը:
Լրագրողը նկատեց, որ ըստ տեղեկությունների, Հանրապետական կուսակցությունում հորդորում են սպասել մի քանի ամիս և հետո փոփոխություններ են լինելու, ի՞նչ են սպասվում 2-3 ամսից հարցին, Սիմոնյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ժպիտով եմ վերաբերվում այդ հորդորներին: ՀՀՇ-ի իշխանությունն էլ էր հեռանալիս նման հորդորներ հղում: Կարծում եմ` դա ինքնախաբեություն է: Վերադարձ անցյալին չի կարող լինել, քանի որ հանրության մոտ, մարդկանց գլուխների մեջ բան է փոխվել, և նրանք իրենց մեջ մերժել են այն իշխանություններին, որոնք նախկինում կային»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ չգնաց կառավարություն և եկավ խորհրդարան, Սիմոնյանը պատասխանեց, որ դաշինքի համամասնական ցուցակում իր հերթն էր և եկավ խորհրդարան: «Ես ինձ ավելի շատ օրենսդիր մարմնում եմ տեսնում, միգուցե նաև տեղական ինքնակառավարման մարմնում», - հավելեց Սիմոնյանը:
Մեր մյուս հարցին, թե այսինքն` հավակնո՞ւմ է Երևանի քաղաքապետի պաշտոնին, պատգամավորը արձագանքեց. «Ես չեմ ուզում խոսել իմ հավակնությունների մասին: Ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելք»-ը մասնակցել է ավագանու ընտրություններին, ես եղել եմ քաղաքապետի թեկնածուներից մեկը, և եթե մեր կուսակցությունը որոշի ինձ վրա նման պատասխանատվություն դնել, միգուցե համաձայնեմ: Բայց այսօր ես ինձ շատ լավ եմ զգում խորհրդարանում»:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին, ապա Սիմոնյանն ասաց, որ Երևանի քաղաքապետի հրաժարականը տրամաբանական կլինի:
Մանրամասն` տեսանյութում: