22/05/2018 12:25
Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասնակի վավերացման ժամկետները չեն փոխվել. Տիգրան Բալայան
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի մասնակի վավերացման ժամկետների փոփոխություն չկա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Վավերացումը Հայաստանի կողմից իրականացվել է ամբողջությամբ: Այն ժամկետները, որոնք նշված էին վավերացման մասով, գործում են, դրանցում փոփոխություն չկա», - ասաց Տ. Բալայանը:
Նա հիշեցրեց, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ ևս հավանություն է տվել փաստաթղթին:
«Սպասում ենք ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից այդ փաստաթղթի վավերացմանը, որպեսզի սկսենք այդ կարևոր համաձայնագրի ամբողջական, ոչ թե մասնակի կիրառումը», - նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը: