22/05/2018 12:11
Հայաստանը թույլ չի տալու դիրքային փոփոխություն սահմանի որևէ հատվածում. սա հստակ ուղերձ է. Տիգրան Բալայան
Հայաստանը թույլ չի տալու դիրքային փոփոխություն սահմանի որևէ հատվածում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում որոշակի լարվածությանը:
«Ինչպես Պաշտպանության նախարարության իմ գործընկերն արդեն տեղեկացրել է, այդ հատվածում վարվում են որոշակի աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են ստեղծում մեր դիրքերի համար», - ասաց Տիգրան Բալայանն` ընդգծելով, որ հենց դրանց տեղում ծանոթանալու համար է, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են սահմանային այդ հատված:
«Մենք բազմիցս, թե՛ ադրբեջանական կողմին, թե՛ միջնորդներին զգուշացրել ենք, որ այդ տիպի աշխատանքները լարում են իրավիճակը և կարող են հանգեցնել անցանկալի զոհերի: Ասել, որ Հայաստանի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարների անմիջական ցուցումով է եղել այն հրաձգությունը, որի հետևանքով, ըստ ադրբեջանական կողմի, եղել է Ադրբեջանի կողմից զոհ… Ես չեմ բացառում, որ այդ զոհը եղել է իրենց միջանձնային հարաբերությունների պատճառով, որը փորձում են հիմա մատուցել որպես հայկական կողմից կրակոցի զոհ», - ասաց Տիգրան Բալայանը` ընդգծելով.
«Մենք հստակ ու հաստատակամ ենք, որ թույլ չենք տալու դիրքային փոփոխություն որևիցե հատվածում: Սա հստակ ուղերձ է, որը նաև իրենց այցով հղել են ՀՀ Պաշտպանության ու Արտաքին գործերի նախարարները»: