22/05/2018 16:40
Նաթանյահու. Իրանը հիմնական խոչընդոտն է Մերձավոր Արևելքի խաղաղության ճանապարհին
Իրանը հիմնական խոչընդոտն Է Մերձավոր Արևելքում խաղաղության տանող ճանապարհին: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, փոխանցում է ТАСС-ը:
«Եթե հարցնելու լինենք Մերձավոր Արևելքի կառավարությունների և ղեկավարների մեծամասնությանը, թե որն է խաղաղության ճանապարհի հիմնական արգելքը, որն է մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը, նրանք կասեն երեք բան՝ Իրանը, Իրանը և Իրանը», - գրել է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը Twitter-ում:
Նախօրեին Նաթանյահուն ճիշտ է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ և համաշխարհային հանրակցությանը հորդորել է միանալ Թեհրանի վրա ճնշման քաղաքականությանը: Նույն օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը: