22/05/2018 14:52
Այստեղ իմ ֆինանսավորվելը բացառված է, որևէ ֆինանսական ակնկալիք չունեմ. Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է Առողջապահության նախարարի խորհրդական
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 21-ին ստորագրած հրամանով՝ ուռուցքաբան-գինեկոլոգ, Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է գերատեսչության ղեկավարի խորհրդական: Aysor.am-ի հետ զրույցում նորանշանակ խորհրդականն ընդգծեց՝ այս պաշտոնում նշանակվել է իր իսկ առաջարկով, հասարակական հիմունքներով, ինչը նշանակում է, որ որպես խորհրդական՝ Վահե Տեր-Մինասյանը չի՛ վարձատրվելու:
«Նախարարի հետ մենք երկար տարիների ընկերներ ենք, ու նրան իմ օգնությունն առաջարկելու որևէ կաշկանդվածություն չկար: Ճիշտ է, ոչ նախարարությունում, բայց այս ոլորտում աշխատում եմ արդեն 20 տարի: Այո՛, առաջարկն իմն է եղել, բայց մի պայմանով՝ այստեղ իմ ֆինանսավորվելը բացառված է, որևէ ֆինանսական ակնկալիք չունեմ, ոչ մի կոպեկի սպասում: Այստեղ կօգտագործեմ իմ այն ժամանակը, որը պետք է հատկացնեի ընտանիքիս, երեխաներիս: Պատճառն այն է, որ ուզում եմ ինչ-որ կերպ իմ փորձով ու գիտելիքներով օգտակար լինել մեր երկրին», - տեղեկացրեց խորհրդականը:
Ուռուցքաբան-գինեկոլոգն իր վիրաբուժական գործունեությունը չի դադարեցնելու: Դա իր ցանկությունից զատ նաև նախարարի պահանջն է: Մեկտեղ, հենց երեկվանից ձեռնամուխ է եղել խորհրդականի իր պարտականություններին:
«Որպես խորհրդական՝ ազատ գրաֆիկով եմ աշխատելու, համատեղելու եմ վիրաբուժությունն ու խորհրդականի գործունեությունը: Այդ պայմանն առաջին հերթին հենց նախարարի կողմից է դրվել, ով կտրականապես դեմ էր, որ ես դադարեմ որպես բժիշկ աշխատել: Ինչ վերաբերում է խորհրդականի իմ գործունեությանը՝ նախարարի հետ բժշկության մեջ որոշակի ոլորտներ ենք քննարկել, ու արդեն իսկ այդ ուղղություններով աշխատում եմ: Շուտով կտեղեկացնենք, հավատացեք, շատ լավ բաներ անելու տեղեր կան», - մանրամասնեց նա:
Հարցին, թե որո՞նք են առողջապահական համակարգի առջև ծառացած հիմնական ու կարևոր խնդիրները, ի՞նչ ծրագրեր են իրականացվելու այդ ամենը շտկելու համար, պատասխանեց, որ առանց խորքային ուսումնասիրություններ անելու՝ դեռևս չի շտապի հայտարարություններ անել: Սակայն այդ ամենի մասին խոստացավ շատ քիչ ժամանակ հետո խոսել:
Ոլորտի բացթողումներն ու թերացումները ֆանտաստիկ շատ են՝ նկատեց բժիշկ-խորհրդականն ու շարունակեց.
«Իհարկե, կան նաև լավ նախագծեր, որոնք նախկին ղեկավարի կողմից են իրականացվել: Ամենաուշը երկու օրից ես կխոսեմ մի պրոյեկտի մասին, որը սկսվել է նախորդ ղեկավարության ժամանակ, ու հիմա մենք ամեն ինչ անելու ենք, որ այն էլ ավելի ակտիվանա ու հասնի ավարտին: Հավատացեք, խնդիրները շատ-շատ են, բայց չի կարելի ասել, թե ամեն ինչ միայն վատ է եղել: Հրաշալի ծրագրեր են սկսվել, որոնք անպայման պետք է շարունակվեն, խրախուսվեն ու հնարավորինս աջակցվեն նաև այսօր: Կան բաներ էլ, որոնք պետք է իսպառ բացառվեն»: