22/05/2018 10:27
Օգուտ առանց վնասների. ակտիվիստների բողոքի ֆոնին հրապարակվեց «Ամուլսարի» զեկույցը (Տեսանյութ)
Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբն» այսօր ներկայացրեց տարեկան առաջին հաշվետվությունը։ Խումբը նախագահող հանքարդյունաբերության և կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային հեղինակավոր փորձագետ դոկտոր Ջոն Հարքերը նշեց, որ աշխատանքի ընթացքում իրենք մշակել են 19 նշանակալի ծանրակշիռ առաջարկներ, որոնք կամապնդեն «Լիդիանի» գործունեությունը ծրագրի ընթացքում։
«Դրանք կփարատեն շահագրգիռ կողմերից ներկայացվող մի շարք մտահոգություններ։ Գիտենք, որ ՀՀ բնակչությունը հանքարդյունաբերության նկատմամբ թերահավատ է և հիմնական խորհուրդը «Լիդիանին» պետք է լինի՝ համագործակցել ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության, գիտական կառույցների և տեղացիների հետ, որպեսզի վստահաբար ապացուցի՝ ընկերությունն ազդեցություն չի ունենում ջրի, կենսաբազմազանության և մարդկանց կենսակերպի վրա», - նշեց Հարքերը։
Մյուս երաշխավորությունների միջոցով խումբը հորդորում է ընկերությանը իր կապալառու ընկերությունների կողմից սոցիալական և բնապահպանական գործունեությունը կառավարելու մեխանիզմները հզորացնել։
Խմբի հաշվետվությունն ընդհատեց ակտվիստների մի խումբ՝ մտնելով ճեպազրույցի սրահ և ընդհատելով զեկույցը։ Նրանք հայտարարեցին, որ ցիանիդը թույն է մարդկանց համար։ Նրանք կոչ արեցին «Լիդիանին» դադարեցնել ծրագիրը։ Ակտիվիստները նշեցին, որ թույլ չեն տա «Լիդիանին» կամ այլ կազմակերպության Ամուլսարում հանք շահագործել։
Ջոն Հարքերը նկատեց, որ իրենք դրական են վերաբերում քննադատություններին՝ նշելով, որ 2017-ի դեկտեմբերին պատրաստակամություն է հայտնել ՀՀ կառավարության հետ հավաքելու նյութեր, մասնավորապես՝ ջրի որակին վերաբերող քննադատությունների, և ուսումնասիրել դրանք, մինչդեռ հանդիպում տեղի չի ունեցել։
«Երիտասարդներն ասացին, որ գոյություն չունի ապահով հանքարդյունաբերություն, բայց այդ աղջիկը դա ասաց՝ մի ձեռքում բռնած բջջային հեռախոս, որը աշխատում է հենց հանքարդյունաբերության շնորհիվ։ Մենք երբևէ չէինք աշխատի այս խմբում, եթե չհավատայինք, որ հանքարդյունաբերությունը կարող է ապահով լինել», - նշեց նա՝ հավելելով, որ հնարավոր է առանց վնասների օգուտ ստանալ հանքարդյունաբերությունից։
Դիտարկմանը, թե արդյոք ՀՀ-ում փոխված քաղաքական իրավիճակը կարող է նպաստել հանքարդյունաբերության զարգացմանը՝ Հարքերը նշեց. «Կցանկանայի այնպիսի կառավարություն տեսնել, որը լավագույնս տեղյակ է՝ ինչպես լավագույնս ղեկավարել հանքարդյունաբերությունը՝ ի շահ ժողովրդին»։
Խումբը ձևավորվել է 2017 թվականի ապրիլին՝ Ամուլսարի ծրագրի և սոցիալական և բնապահպանական պարտավորությունների կատարման մշտադիտարկման, ծրագիրը ֆինանսավորող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության և ծրագրի տեղական և ազգային շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի սկզբունքներին համահունչ գործելու նկատառումներով ընկերության ստանձնած պարտավորությունների իրագործման մասով հաշվետվողականությունն ապահովելու նպատակով։ Խումբը բաղկացած է կայուն զարգացման հարցերով զբաղվող հայ և միջազգային յոթ փորձագետներից։
Խմբի նպատակն է հետևել Հայաստանի Հանրապետությունում գտնվող և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացմանը՝ լավագույն միջազգային չափանիշներով աշխատելու պարտավորության կատարման մասով։
«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը ոսկի արդյունահանող ընկերություն է, և հանդիսանում է հայաստանյան Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի 100 % բաժնետեր։ Հանքի շահագործումը նախատեսվում է սկսել 2018 թ. կեսերին՝ 10 տարիների համար նախնական տարեկան միջինը 225 000 ունցիա ոսկի արտադրական ծավալով: Հանքի փակմանը հաջորդող ռեկուլտվացիոն և վերականգնման աշխատանքները կտևեն առնվազն հինգ տարի: