22/05/2018 11:38
Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպման հետ կապված օրակարգից որևէ շեղում չի լինելու. ՀՀ ԱԳՆ
Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպման հետ կապված օրակարգից որևէ շեղում չի լինելու, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Պետք է ընդունել, որ գրաֆիկից մի քիչ հետ ենք ընկել, բայց այն քննարկումները, որ երեկ եղան ու տրված հստակ հանձնարարականները թույլ են տալիս ասել, որ որևիցե շեղում չի լինելու օրակարգից` ինչպես գագաթաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումներից, այնպես էլ` փաստաթղթային, բովանդակային առումով», - ասաց Տ. Բալայանը:
Նա հիշեցրեց, որ Երևանում նախատեսվում է ընդունել Ֆրանկոֆոնիայի հիմնարար փաստաթղթերից մեկը` Երևանյան պակտը, և դրա շուրջ ևս արդեն քննարկումները ծավալվում են:
«Կազմակերպչական հարցերի առումով ևս պատկերացում կա և որպես անձ, որը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի վերջին 4-5 գագաթաժողովներին, կարող եմ ասել, որ մեզ մոտ տարվող նախապատրաստական աշխատանքները հստակ պատկերացում են տալիս, որ ամեն բան լավ է անցնելու», - ասաց Տ. Բալայանը` նշելով, որ օրերս Երևան կժամանի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պավիրակությունը: