22/05/2018 17:23
Մարդ կա՝ գյուղվարկ է վերցնում, բանակի քեֆ անում. Գյուղնախարարը ճիշտ չի համարում գյուղվարկերի համատարած համաներումը (Տեսանյութ)
Գյուղատնտեսության նախարարությունը միայն շահագրգռված է, որ վարկերն ու տույժ-տուգանքները չքանդեն գյուղացիական տնտեսությունները, և մարդիկ շարունակեն աշխատել ու զարգանալ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գյուղատնտեսության նախարար, դաշնակցական Արթուր Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսության նախարարությունը չի զբաղվում գյուղացիների վարկերի հարցով և դա ֆինանսների նախարարության տիրույթում է:
Կառավարության ներկայացուցիչը նկատեց, որ գյուղացիական վարկերի արդյունավետությունը խիստ ցածր է, բայց դա նրանից է գալիս, որ մարդը կարող է վարկ վերցնի`չգնահատելով վարկերի հետագա սպասարկման ռիսկերը:
Բացի այդ, նախարարը մեկ այլ խնդիր էլ մատնանշեց. «Վարկերը մարդիկ վերցնում են բանակի քեֆ, նշանդրեք, հարսանիք են անում: Կարծում եմ` խնդիրը պետք է համալիր նայել, այսինքն՝ համընդհանուր համաներման ... կարելի է նայել և ուղղակի հասկանալ՝ որոնք են մարդիկ, ովքեր վերցրել են վարկ ու բնական կատակլիզմի կամ տնտեսվարման խնդրի առաջ են կանգնել»:
Մեր հարցին, թե ճիշտ չի՞ համարում գյուղվարկերի համատարած համաներումը, նախարարը պատասխանեց. «Պետք է ուսումնասիրել և հասկանալ` եթե տեղի է ունեցել չարաշահում, բարձրացնել այդ հարցը: Որովհետև գյուղատնտեսական վարկերը չի նշանակում, որ չարաշահումը պետք է ներառել դրա մեջ»: