22/05/2018 12:36
Քաղաքական իրավիճակի փոփոխությունից ելնելով կարող ենք համաներման հարց քննարկել. Էդմոն Մարուքյան
Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, և պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրն առկա է, այսօր Ազգային ժողովում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ՔԿՀ-ներում խնդիրը կարող էր լուծել «Քրեական դատավարության մասին» նոր օրենսգրքի ընդունումը, որը սակայն չի ընդունվել:
«Արագ պետք է աշխատենք ու ընդունենք Քրեական դատավարության օրենսգիրքը, որով միայն կալանքը խափանման միջոց չի կիրառվի և կլինեն այլընտրանքներ: Հիմա քաղաքական վիճակից ելնելով՝ մենք կարող ենք ուսումնասիրություն կատարել և քննարկել համաներման հարց, որովհետև քրեակատարողական հիմնարկներն այս պահին էլ ծանրաբեռնված են ու մեծ պահանջարկ կա: Մինչ Հայաստանում դատարանները կսկսեն արդար աշխատել, լինելով նախկին իներցիայից դուրս, մենք գոնե կարող ենք համաներում առաջարկել, լուծել ՔԿՀ-ների գերբեռնվածության հարցը», - դիմելով արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին, հայտարարեց Մարուքյանը:
Նշենք, որ փոխնախարարը խորհրդարանում ներկայացնում էր «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը վերաբերում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին:
«Գործնականում այս ինստիտուտի հետ կապված առաջացել են մի շարք խնդիրներ, մասնավորապես, առանց դատապարտյալի հետ համաձայնեցնելու մենք գործընթաց են սկսում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված, ինչը նշանակում է, որ այս պրոցեսում դատապարտյալի կամարտահայտությունը բացակայում է: Հանձնաժողովը հասարակական հիմունքներով է աշխատում, ինչի հետևանքով մենք այդ հանձնաժողովը ժամանակին հավաքելու հետ կապված խնդիր ունենք», - փաթեթի ներկայացման ժամանակ ասաց փոխնախարարը:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է պատժից վաղաժամկետ ազատման ժամանակը լրանալու դեպքում մասնագիտացված կառույցները՝ քրեակատարողական կառույցները և պրոբացիայի ծառայությունը, երկու իրարից անկախ զեկույց ներկայացնեն:
«Այս կերպ այս գործընթացը մի փոքր մեխանիկական կդառնա, քանի որ, եթե երկու կառույցն էլ դրական եզրակացություն տան, ապա քրեակատարողականի պետը գործը միանգամից կուղարկի դատարան, եթե ոչ, ապա դատապարտյալը կորոշի՝ գնա դատարան, թե ոչ: Եթե 2-ն էլ բացասական են, ապա դատապարտյալը կարող է բողոքարկել որոշումը», - հավելեց Սուրեն Քրմոյանը: