22/05/2018 18:34
Իրաքում մահապատժի են դատապարտել Բրյուսելի և Փարիզի ահաբեկչությունների մասնակցին
Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Բելգիայի հպատակին, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակից լինելու համար, հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Իրաքի Կենտրոնական քրեական դատարանը պատժի առավելագույն չափի է դատապարատել 1988 թվականի ծնունդ բելգիացի Թարիք Ջուդաանին, որն ԻՊ-ի շարքերն է մտել 2014 թվականին: Զինյալների շրջանում նա հայտնի է որպես Աբու Համզա ալ Բելջիքի:
Բելգիական La Derniere Heure թերթի տեղեկատվությամբ՝ Ջուդաանը հիշատակվում Է 2015 թվականին Փարիզում և 2016 թվականին Բրյուսելում ահաբեկչական գործողությունների հետաքննությունների նյութերում՝ որպես դրանց հավանական կազմակերպիչներից մեկը:
Բելգիական զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Ջուդաանը ծնունդով Մարոկոյից է: Մինչև 2014 թվականը Սիրիա ուղևորվելը, նա ապրել է Բելգիայի Վերվիե քաղաքում: Facebook-ի իր էջում նա արդեն 2014 թվականին սկսել է հրապարակել լուսանկարներ, որտեղ պատկերված Է նրա մասնակցությունն սպանություններին: