23/05/2018 14:11
Նորանշանակ կրթության երիտասարդ նախարարին ստիպված կլինենք ապացուցել, որ սխալվում է. «Այբ»-ի տնօրեն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանրձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ «Այբ» կրթահամալիրում։
«Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը...», - Facebook-յան իր էջում գրել էր նախարարը։
Կրթության և գիտության նախարարի հանձնարարականին արձագանքել է «Այբ» կրթահամալիրի տնօրեն Արամ Փախչանյանը։
«Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել մեզ հաճախած կրթական նախաձեռնությունների թիմերը տարբեր եկրներից՝ սերտ եւ ջերմ կապեր ենք հաստատել Ղազախստանի կրթական բարեփոխման պետական ծրագրի հետ, Ռուսաստանի բոլոր նորարարական նախաձեռնությունների ղեկավարները, տարածաշրջանների նախարարները եկել են «Այբ» մեզանից փորձ ստանալու նպատակով։ Աշխարհի ամենահայտնի կրթական հետազոտական կենտրոնները աշխատում են մեզ հետ եւ աջակցում են մեզ։ Մենք աշխարհում ամենաարագ ճանաչում ստացած կրթական համակարգն ենք ստեղծել։ Մենք երեւույթ ենք միջազգային կրթական քարտեզի վրա։ Բայց արի ու տես, կա մի նորանշանակ երիտասարդ կրթության նախարար, որը այլ կարծիքի է, եւ այս ամենը իր համար ոչինչ չի նշանակում։ Ստիպված կլինենք ապացուցել, որ սխալվում է»,-Facebook-յան իր էջում գրել է Փախչանյանը։
Ավելի ուշ, Փախչանյանը ևս մեկ գրառում է կատարել նախարարի հանձնարարականի հետ կապված։
« «Էլիտար կրթության» թեման մատի փաթաթան սարքած գործիչներին մի պատասխան եմ ուզում տալ։ Այո, մենք պիտի՛ ունենանք էլիտար կրթություն Հայաստանում՝ հասանելի ԲՈԼՈՐԻՆ։ Եթե չբերես քո կրթությունը աշխարհում առկա լավագույն նմուշների մակարդակի, միշտ կմնաս ճղճիմ վիճակներում։ Էլիտար կրթություն բոլորի համար՝ սա է միակ նպատակը, որի համար իմաստ ունի վիզ դնել կրթության ոլորտում։ Այո, մենք պիտի ունենանք էլիտար երիտասարդություն՝ համաշխարհային մակադրակով մրցունակ։ Էլիտար կրթության հետ պայքարողները երեւի թե կարծում են, որ հայերը պիտի վզները ծռած անընդհատ դիմեն օտարներին։ Եւ իրենց օրինակով, օտարի տված 30 արծաթի դիմաց մենք մեզ պիտի անըդնտատ համոզենք, որ չենք կարողանա առանց այդ օտարների մի քայլ գցել, էլ ուր մնաց դառնանք աշխարհի ամենաթափով ազգերից մեկը։ Մեր արածը էլիտարիզմ չէ։ Մեր արածը կոչվում է հավակնություն»,-գրել է նա։