23/05/2018 17:16
Տեղի է ունեցել «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Էրեբունի» առաջադեմ դպրոցականների ամենամյա մրցույթը
Այս տարվա մայիսի 19-ին արդեն երրորդ անգամ տեղի է ունեցել «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Էրեբունի» առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական ամենամյա մրցույթը, որի նպատակն է աշակերտների շրջանում մեծացնել հետաքրքրությունը մրցույթի հարցաթերթիկներում ընդգրկված առարկաների նկատմամբ (հայոց լեզու, հայոց պատմություն, ռուսաց լեզու և մաթեմատիկա), ինչպես նաև խթանել նրանց հետագա բարձրագույն կրթության ստացումը:
Այս մասին տեղեկացնում են «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամից։
«Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը և մրցույթի գաղափարի հեղինակը Դավիթ Սեդրակյանն է, ով այս միջոցով ցանկանում է երիտասարդ սերնդին ներկայացնել, որ կայուն գիտելիքների և առաջադեմ ունակությունների շնորհիվ միայն կարելի է կերտել լուսավոր ապագա, ունենալ բարեկեցիկ կյանք, ծառայել սեփական երկրի ու ազգի շենացման հայրենանվեր գործին:
Մրցույթն ունի հստակ մշակված կանոնակարգ, կազմակերպվում և անցկացվում է հիմնադրամի աշխատակազմի և ոլորտի լավագույն մասնագետների կողմից:
Մրցանակային 3 տեղեր զբաղեցնողները ստանում են բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման համապատասխանաբար 4, 2 և 1 տարվա վարձի փոխհատուցման հավաստագրեր:
Նախորդ 2 տարիների 6 մրցանակակիրներին այս տարի միացել են ևս 3 հաղթողներ. առաջին տեղ՝ Աննա Թովմասյան (Երևանի Ֆիզմաթ դպրոց), երկրորդ տեղ՝ Աննա Արզումանյան (Երևանի N186 դպրոց) և երրորդ տեղ՝ Մոնիկա Ղավալյան (Երևանի Ֆիզմաթ դպրոց):