23/05/2018 11:48
Աշոտ Հակոբյանն ընդգծել է որակյալ նախագծեր և ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է ճանապարհների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարներին։
Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծելով ճանապարհաշինարարական աշխատանքների մեկնարկը՝ կարևորել է այդ աշխատանքներում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ հասարակությունն այս ոլորտի հետ կապված լուրջ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի:
Կատարվող աշխատանքները պետք է ընթանան առավել կազմակերպված, իսկ դրանց կառավարումը՝ առավել արդյունավետ ու թափանցիկ։ Առանձնակի կարևորվել է կոռուպցիոն ռիսկերը բացառելու հանգամանքը, մասնավորապես՝ նախարարն անթույլատրելի համարեց այսուհետ միևնույն անձին փաստացի պատկանող երկու կազմակերպությունների՝ նախագծողի և շինարարի, կամ շինարարի և տեխհսկողի կողմից միևնույն օբյեկտում մասնակցությունը:
Հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրել են մի շարք խնդիրներ, դրանց լուծման հնարավոր տարբերակներ։ Որոշ հարցերի շուրջ բազմակողմանի քննարկում է տեղի ունեցել։ Աշխատանքների ընթացքն ավելի հստակ կազմակերպելու և վերահսկելու նպատակով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին՝ առաջարակություն ներկայացնել ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերում փոփոխություններ կատարելու, մասնավորապես՝ ճանապարհաշինարարական մրցույթների անցկացմանը զուգահեռ շինարարական կազմակերպությունների նախաորակավորման մրցույթների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ:
Անդրադարձ է եղել նաև փոսային նորոգման ընթացիկ աշխատանքներին, հիմնանորոգման առաջնահերթություններին։