23/05/2018 13:58
Իմ տվյալներով՝ ԿԲ որոշ պաշտոնյաների աշխատավարձն ավելի բարձր է, քան` ՀՀ նախագահինն ու վարչապետինը. Բագրատյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին մտահոգում է, որ ԿԲ նախագահի տեղակալների և խորհրդի անդամների աշխատավարձերը կարող են ավելին լինել, քան՝ հանրապետության նախագահինը կամ վարչապետինը։
«Կխնդրեի, որ ներկայացնեիք ԿԲ նախագահի տեղակալաների և խորհրդի անդամների աշխատավարձի չափը», - ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին դիմելով՝ ասաց պատգամավորը։
Ի պատասխան ԿԲ նախագահն ասաց, որ էթիկայի հանձնաժողովին իրենց հայտարարագրերը ներկայացված են ու դրանք կհրապարակվեն։
«Մեր աշխատավարձերի մասով վերջին տարիներին կտրուկ փոփոխություն չի արվել։ Դրանք հենց ԱԺ ամբիոնից որոշված է համապատասխան՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին օրոնքով», որ մեր աշխատավարձերը պետք է ավելի ցածր չլինեն, քան՝ բանկային համակարգի միջինը, բայց մերը բավականին ցածր է», - նշեց Ջավադյանը։
Բագրատյանը պնդեց, որ օրենքը սահմանում է ցածր շեմը, մինչդեռ բարձր շեմի սահմանի մասին չի խոսվում։
«Ինձ ավելի հետաքրքրում է, թե ինչքան բարձր է, որովհետև ներքևի շեմը հայտարարված է, վերևինը՝ հնարավորություն է տրված որոշելու խորհրդին։ Ցածր շեմը սահմանված է օրենքով, իսկ բարձրի մասին ոչինչ չի ասվում։ Իմ տվյալներով՝ այն ավելի բարձր է, քան՝ ՀՀ նախագահի ու վարչապետի աշխատավարձը։ Դա ինձ մտահոգում է», - ասաց Բագրատյանը։
Ջավադյանն էլ հակադարձեց, որ խոսքը աստղաբաշխական մեծ թվերի մասին չէ. «Հնարավոր է՝ որոշ պետական գործիչներից բարձ լինի, բայց դա աշխարհում ընդունված է»։