23/05/2018 15:55
Սա որևէ մեկի շահերին չի հակասում. ՃՈ պետի տեղակալը տուգանքների համաներման մասին
Վարչական իրավախախտումների արձանագրման գործընթացի վերաբերյալ վարչապետի առաջարկությունները կարելի է բաժանել պայմանականորեն երկու խմբի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Առաջին խմբի մեջ մտնում է տեսահսկող համակարգերով և ՃՈ տեսուչների կողմից իրավախախտումների արձանագրման քանակի նվազմանն ուղղված միջոցառումներ, երկրորդը՝ ՃՈ կողմից որոշակի ժամանակահատվածում տուգանք նշանակելու մասին որոշումների կատարման դադարեցման ուղղությամբ», - ասաց Ա. Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ տեսահսկող համակարգերի կողմից վարչարարության փոփոխությունը հետևյալն է՝ այլևս բավարարվելու են նախազգուշացմամբ։
Ոստիկանությունն այսօր տեղեկացրել էր նաև, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները:
Դիտարկմանը, թե տուգանքները պարտաճանաչ վճարող վարորդների շահերն այսպիսով չեն վնասվում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց.
«Սրանք այն քաղաքացիներն են, որոնք չունեն այդ միջոցները, տարիներ շարունակ չեն կարողացել վճարել այս տուգանքները։ Այս ամենը հաշվի առնելով՝ կայացվել է այս որոշումը, սա որևէ մեկի շահերին չի հակասում։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, թե ինչու նույն հանցագործությունը կատարած մեկ անձի նկատմամբ համաներում կիրառվում է, մյուսին՝ չի կիրառվում»։