23/05/2018 11:00
Ակնկալում եմ անաչառություն. Միհրան Պողոսյանը՝ իր օգնականի ձերբակալման մասին (Տեսանյութ)
Ցավում եմ, որ շատ մարդկանց շրջանում, ովքեր վերջերս ձերբակալվել կամ հրավիրվել են համապատասխան մարմիններ, հայտնվել է նաև իմ օգնականը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը։
«Համապատասխան մարմիններից ակնկալում եմ անաչառություն և համոզմունք եմ հայտնում, որ 1-2 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի», - նշեց Պողոսյանը։
Հարցին, թե արդյոք առանց իր գիտության օգնականը կարող էր նման բան անել, Մ.Պողոսյանը նշեց, որ, ճանաչելով իր օգնականին, հույս ունի, որ նա այնտեղ չի գտնվել և տեղի ունեցածը թյուրիմածություն է։
Դիտարկմանը, թե արդյոք ինքը կարող է երաշխավորել, որ իր օգնականն այդ դեպքերին մասնակից չի եղել, Պողոսյանն ասաց.
«Ես երաշխավոր կարող եմ լինել միայն ինձ համար։ Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որ իրենք անաչառ լինեն, որոշակի վենդետաներ և քայլեր, որոնք հիմնավորված չեն լինելու ու հետագայում պարզվելու են, որ դրանք հիմք չեն ունեցել, չանել։ Ի վերջո, ամեն ինչ պարզվելու է ու մենք համապատասխան հիմքեր ենք ներկայացնելու, թե որտեղ է եղել այդ երիտասարդը։ Ես ոչ մի կասկած թույլ չեմ տալիս արտահայտելու և հրապարակային որևէ հայտարարություն անելու։ Հորդորում եմ բոլորիս սպասել 1-2 օր և մենք կունենանք ավելի ինֆորմացիա ու կհասկանանք, թե ինչ է կատարվել»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ է ձերբակալվել, ով ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է։