23/05/2018 11:25
Հայաստանի իրավական համակարգը «կրյուչոկով» կախված է եղել նախագահական նստավայրից. Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ուսումնասիրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը ու կոռուպցիայի դեպքերով հայտնաբերված պաշտոնյաների թիվը ծիծաղելի է թվում:
Մինչ այդ, նշենք, որ Գլխավոր դատախազը իր 2017-ի գործունեությունը ներկայացնելիս հայտարարել էր, որ 2017-ին հայտնաբերվել էր կոռուպցիայի 163 դեպք, որի մեջ 43-ը պաշտոնյա է:
«Հայտարարագրերից երևում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող ոչ քաղաքական պաշտոնյաներ ենք տեսնում, որոնց հայտարարագրերին կնախանձեին արաբական շեյխերը: Մենք հասկանում ենք, որ նախորդ իշխանությունը որպես դեմոկրատիայի դրսևորում ներկայացրեց ապօրինի հարստացման դեմ օրենքը, որը, բնականաբար, չէր կարող գործել նախորդ իշխանության ժամանակ այն պարզ պատճառով, որ Հայաստանի իրավական համակարգը «կրյուչոկով» կախված է եղել նախագահական նստավայրից: Հիմա հարցս շատ պարզ է` ե՞րբ են ուսումնասիրվելու հայտարարագրերը», - դիմելով 2017-ի գործունեությունը ներկայացնող Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայտարարեց Ն. Զոհրաբյանը:
Ի պատասխան գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ բոլոր հայտարարագրերն էլ ուսումնասիրվելու են:
«Ապօրինի հարստացման մասին օրենքի համաձայն, եթե պաշտոնյաների հայտարարագրերում համապատասխան հանցակազմի հատկանիշներ լինեն, իրականացվելու են վարույթներ: Շուտով կսկսի գործել հակակոռուպցիոն մարմինը, որի հիմնական գործառույթը կլինի այդ ուղղությամբ մանրամասն ուսումնասիրությունները», - հավելեց դատախազը:
Իրեն տրված արձագանքման հնարավորության ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե արդյոք գլխավոր դատախազը վստահ է, որ ներկայիս դատական համակարգը, որը մշտապես կախված է եղել Բաղրամյան 26-ից, ունա՞կ է անկախ ու ազատ մտածել, իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները:
Արթուր Դավթյանը չհամաձայնեց Զոհրաբյանի գնահատականների հետ ու ասաց, որ Հայաստանում արդարադատության ոլորտի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ մշտապես քայլեր ձեռնարկվում են: