23/05/2018 15:16
Արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել աշնան վերջ, ԲՀԿ-ն հավակնելու է ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունում աշխատում են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վրա: Այս խմբակցությունը պաշտպանում է իր նախկին դիրքորոշումը. նրանք դեմ են ռեյտինգային ընտրակարգին՝ այն համարելով ապաքաղաքական: Բացի այդ, Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններում բառավցելու են վարչական ռեսուրսի կիրառման փորձերը:
«Վաղը մյուս օրը ես հանդիպելու եմ Դանիել Իոաննեսյանի, ով ակտիվորեն զբաղված է Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, թե հասարակական մի շարք կազմակերպությունների հետ, որոնք ևս ներգրավված են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այս գործընթացում: Մենք կփորձենք միմյանց հետ մտքեր ու տեսակետներ փոխանցել` ինչպես օպտիմալ մեխանիզմներ ներդնել կրկնաքվեարկությունները բացառելու համար», - Aysor.am-ին ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի կարծիքով՝ մինչև խորհրդարանի արձակուրդի մեկնարկը` մինչև հուլիսի 15-ը, մենք կարող ենք ընդունել փոփոխված Ընտրական օրենսգիրքը: Խորհրդարանում հավանության արժանանալուց հետո ամառվա ընթացքում Ընտրական փոփոխված օրենսգիրքը կարող է գնալ Վենետիկի հանձնաժողով եզրակացություն ստանալու համար, իսկ արդեն աշնան վերջում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանալ:
«Շատ ադեկվատ ժամկետ է աշնան վերջ ունենալ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետև ստեղծված քաղաքական ոչ ստանդարտ իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Իսկ հանգուցալուծման միակ իրավական ճանապարհը խորհրդարանական ընտրություններն են», - ասաց Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ արտահերթ ընտրությունների հարցով քաղաքական որևէ ուժի հետ առայժմ խորրհրդակցություններ չեն ընթանում, իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» մասնակցությանը, Զոհրաբյանը բարձր գնահատեց ընտրություններում իրենց հնարավորությունները:
««Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է արտահերթ ընտրությունների և՛ վաղը, և՛ աշնանը, և՛ եթե որոշում կայացվի, որ ընտրությունները կայանան գարնանը, նաև`գարնանը պատրաստ կլինենք: Մենք ամեն օր էլ պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք գնալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ինչպես միշտ ունենալով ամենաբարձր նշաձողը` հավակնելու ստանալ մեր հայրենակիցների ձայների բացարձակ մեծամասնությունը», - նշեց պատգամավորը:
Մեր հարցին, թե անգամ առանց ռեյտինգային ընտրակարգի՞, Զոհրաբյանը պատասխանեց. «Այո, անգամ առանց ռեյտինգայինի»:
Մյուս հարցին, թե հնարավո՞ր է արտահերթ ընտրություններից առաջ ԲՀԿ-ն դաշինք կազմի գործող վարչապետի ներկայացրած քաղաքական ուժի կամ այլ ուժերի հետ, Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք նման որևէ հարց չենք քննարկել, քննարկել ենք համագործակցության խնդիրներ: Մենք, որպես պարկեշտ քաղաքական ուժ, մեր պատասխանատվության չափը գիտենք և ամեն ինչ անելու ենք մեր առջև դրված խնդիրները լուծելու համար: Թե ինչ կլինի հետո, թե ինչ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունենրի ժամանակ, որևէ հարց չի քննարկվել»: