23/05/2018 17:43
Մենք պետք է փոխենք մեր կարգավիճակը` դրսի ձեռքին նայել, տեսնել, թե որքան գումար կտան. Նիկոլ Փաշինյանը` Աշոտյանին
Միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ հետ քննարկումների ընթացքում ֆինանսական աջակցություն ցուց տալու լայն պատրաստակամություն են ցուցաբերում, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ պատրաստակամության համար, իհարկե, ուրախ ենք, և պետք է քննարկենք այդ աջակցությունը հնարավորինս արդյունավետ օգտագործելու խնդիրները», - հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին:
Պատգամավորը, նկատենք, հետաքրքրվում էր Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ճակատագրով և մասնավորապես, ի՞նչ է անում կառավարությունը, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործումը պլանավորվի և կյանքի կոչվի: Աշոտյանը նաև հետաքրքրվում էր, թե մինչև 2020 թվականը 160 մլն եվրո ֆինանսական աջակցություն է տալու ԵՄ-ն Հայաստանին արդյոք հնարավոր է Հայաստանի կառավարությունը ձգտի ավելացնել այդ գումարի չափը:
Փաշինյանը նաև ասաց, որ հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կընդունեն այդ փաստաթուղթը:
Աշոտյանը հուշեց Փաշինյանին, որ պետք չէ սպասել ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացմանը և պետք է այն սկսել կյանքի կոչել հենց հունիսի 1-ից, ինչը նախատեսված է համաձայնագրի անցումային դրույթներով:
«Ֆինանսական ծավալի հետ կապված լսեցի Եվրոմիության դեսպանի պատրաստակամությունը մինչև 25 տոկոս ավելացնել գումարները: Լավ է հնչում, բայց երբ բաժանում ենք երեք տարվա վրա, ստացվում է Հայաստանում իշխանափոխության հավելյալ աջակցության կապիտալիզացիան ընդամենը տարեկան 13 մլն եվոր է», - նկատեց Աշոտյանը:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական խոստումները շատ ավելին են, քան նշված գումարը:
«Մենք պետք է փոխենք մեր կարգավիճակը` դրսի ձեռքին նայել, տեսնել, թե որքան գումար կտան: Հայաստանում էլ կան ռեսուսրներ, որոնց զգալի մասը ստվերում է, գուցե թե օֆշորային գոտիներում էլ կան ռեսուրսներ, ընդհանրապես, հայ ժողովրդի շրջանում էլ կան ռեսուրսներ: Հայաստանի կարգավիճակի փոփոխություն պետք է արձանագրենք: Ինչ որ առումով պետք է կարողանալ հասկանալ` ինչպիսի աջակցություն է մեզ անհրաժեշտ ու ինչ չափով: Հավաստիացնում եմ, որ մենք այսօր ունենք այդ ընտրությունը, և այդ ընտրությունը կատարելիս կլինենք մաքսիմալ արժանապատիվ և որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության հաշվին», - հայտարարեց Փաշինյանը: