23/05/2018 12:13
Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի քաղաքապետ դառնալու հնարավորության մասին (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ճիշտ է համարում Հանրապետական կուսակցության «անօրինականությունների դեմ պայքարը շարունակել Երևանի ավագանիում»։
«Այս քաղաքական իրավիճակում ճիշտ եմ համարում դեռ պայքարել ավագանու մանդատը պահելու համար», - լրագրողներին ասաց Ա.Սիմոնյանը՝ անդրադառնալով պատգամավորի մանդատը վայր դնելու վերաբերյալ իր ներկայացրած դիմումին։
Դիտարկմանը, թե կոնկրետ ինչ անօրինականությունների դեմ է պայքարելու, Ա.Սիմոնյանը նկատեց.
«Երևանում, իմ ունեցած տեղեկություններով, շատ արագ տեմպերով մարդիկ փորձում են վերջացնել այն բոլոր «գործերը», որոնք չեն հասցրել վերջացնել։ Այդ դամոկլյան սուրը պահելով, պայքարելով՝ ես կպայքարեմ այդ գործողությունների դեմ»։
Սիմոնյանը նշեց, որ մանդատից հրաժարվելու որոշումն իրենն է եղել. «Որևէ մեկի հետ քննարկում չի եղել, իմ քայլը որևիցե մեկի հետ, բացի իրավաբաններից, չեմ քննարկել։ Արել եմ ինքնուրույն», - նշեց նա՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ևս չի խորհրդակցել, պարզապես տեղեկացրել է, որ որոշել է վայր դնել մանդատը։
Նա նաև չբացառեց, որ 7 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել մանդատից հրաժարվելու մասին դիմումը. «Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, որովհետև ես տեղեկություն ունեմ, որ անկախ նրանից, որ ես նշված ժամկետի սահմաններում դիմել եմ, բայց քաղաքապետը որոշում է կայացրել արձանագրություն կազմել և ուղարկել ԿԸՀ առ այն, որ ինքը զրկում է ինձ ավագանու մանդատից», - ընդգծեց նա։
Հարցին, թե արդյոք նրա հրաժարականը պայմանավորված է հետագայում քաղաքապետ դառնալու մտադրությամբ, Սիմոնյանն ասաց, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը տեղի ունեցած գործընթացի տրամաբանական շարունակություն է. «Եթե Տարոն Մարգարյանի հրաժարականին հնարավոր լինի հասնել, ես դրա շուրջ կմտածեմ», - նշեց նա։