23/05/2018 13:50
Սաակաշվիլիի հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության հեղինակն աշխատանքի է անցել կառավարությունում
Միխեիլ Սաակաշվիլիի հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության հեղինակ Միքայել Նահապետյանն աշխատանքի է անցել ՀՀ կառավարությունում։
«Երեկ ընդունել եմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկը և ծառայության անցել ՀՀ կառավարությունում:
Քաղաքացու պայքարը, որ հաղթանակեց փողոցում պետք է վերածվի սոցիալական նոր պայմանադրության, ստեղծի հանրային հարաբերությունների նոր ձևեր, պետական շինարարության նոր մոտեցումներ:
Եվ այս առումով է պատմական շարժման օրակարգը` ազատ ընտրությունների, իրապես քաղաքական կուսակցությունների և ոչ օլիգարխիական պետապարատի պահանջմունքներով:
Մեզ վստահված բլոկում (որտեղ և տնտեսական քաղաքականության հարցերն են) պիտի գտնվի այն պայմանադրության իրավական ձևը որն ընդունելի կլինի թե՛ այս հաղթանակի տեր քաղաքացու համար, թե՛ պետական կառավարումը թողնելու ու բիզնեսով զբաղվելու պատրաստ օլիգարխների համար:
Ահա այս մոտեցումների կառավարության կողմից ըմբռնումն է, որ ինձ բարձրագույն իշխանության և զորության կրող քաղաքացու դիրքից որոշ ժամանակով ուղարկեց դեպի ծառայողի դիրքը: Եվ այս պատշգամբից ամեն անգամ նայելով զորության կրողին նորից եմ համոզվում, որ չհաջողելու գինը սերունդների երջանկությունն է, չհաջողելու գինը արյունահեղությունն է: Ուստի այս օրակարգը մեր առաքելությունն է, մեզ ուղղված պատվերը որպես քաղաքացիներ` անկախ զբաղեցրած պաշտոնական դիրքից:
Անմնացորդ հավատ, անկոտրում կամք բոլոր նրանց ովքեր հեղափոխությունը պիտի արձանագրեն, որպես նոր պայմանադրություն»,-Facebook-յան իր էջում գրել է Միքայել Նահապետյանը։
Նշենք, որ «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը չեղարկվել էր: Թեև թանգարանի ղեկավարության պաշտոնական պարզաբանման մեջ նշվել էր, որ չեղարկման պատճառը տեխնիկական խնդիրներն են, սակայն թարգմանիչ Միքայել Նահապետյանի վստահեցմամբ՝ դրանում քաղաքական դրդապատճառներ կան: