24/05/2018 15:54
Դատարանը Կարո Եղնուկյանից 10 մլն դրամ պահանջեց նրան ազատելու համար
Այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով դատական քննության ժամանակ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու և ստորագրությամբ ազատ արձակելու մասին։
Սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց որոշումը, որի համաձայն, փաստաբանի միջնորդությունը մերժում է, սակայն որոշում է Եղնուկյանի նկատմամբ կիրառել գրավ՝ 10 մլն ՀՀ դրամի չափով։
«Սահմանված չափով գրավի գումարի մասին վկայող ապացույցը ՔԿՀ կամ դատարան ներկայացնելու դեպքում Կարո Եղնուկյանին անհապաղ ազատ արձակել կալանքից», - հայտարարեց դատավորը։
Հրապարակումից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը բացատրեց նաև, թե ինչու է նման որոշում կայացրել. «Ամբաստանյալ Եղնուկյան, դուք բազմիցս դատական նիստերի ընթացքում հայտարարել եք, որ պատրաստ եք մի քանի միլիոն գրավի գումար մուծել, դրա համար դատարանը նպատակահարմար գտավ պահանջել նման չափի գումար»։
Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը որոշման հրապարակումից հետո դուրս եկավ դատարանի դահլիճից և լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը, քանի որ այն համարում է անօրինական։