24/05/2018 19:51
MH17 ինքնաթիռը խոցած «Բուկ»-ը պատկանել է Ռուսաստանին. Միջազգային քննիչների խումբ
Միջազգային քննչական խումբը պարզել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, որից ենթադրաբար Ուկրաինայի արևելքում կործանվել է մալայզիական ինքնաթիռը, պատկանել է ռուսական զինված ուժերին: Նման հայտարարություն է արել Նիդեռլանդների ազգային ոստիկանության հետաքննությունների բաժնի ղեկավար Վիլբերտ Պաուլիսենը:
Հաղորդվում է, որ փորձագետներն ուսումնասիրել են բոլոր հասանելի պատկերները և պարզել են, որ «Բուկ»-ն ունի մի շարք յուրահատկություններ: Ինչպես հայտնել է Նիդեռլանդների ներկայացուցիչն ինքնաթիռի կործանման երկրորդ հետաքննության նախնական արդյունքների ներկայացման ընթացքում, դրանց միջոցով խումբը կարողացել է ստանալ մատնահետքերը և պարզել է, որ զենիթահրթիռային համալիրը եկել է «Ռուսաստանի Դաշնության Կուրսկ քաղաքի 53-րդ զենիթային բրիգադից»:
«Մենք ավելի շատ ապացույցներ և ավելի շատ տեղեկություններ ունենք այսօրվա եզրակացությունների առնչությամբ: Բայց մենք դրանք դեռ չենք հրապարակի», - հավելել է Պաուլիսենը:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Boeing MH17-ի կործանման գործով կասկածյալների շրջանակը փոքրացել է՝ հասնելով մի քանի տասնյակ մարդու:
Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական Boeing 777-ը կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի երկնքում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, նրանք բոլորը զոհվել են: