24/05/2018 19:02
Ալեն Սիմոնյանը կարող է մասնակցել ավագանու առաջիկա նիստին. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ընդգծում է՝ Ալեն Սիմոնյանը կարող է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա նիստին։
«Այսօր իմ ընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը դիմել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությանը՝ ավագանու առաջիկա նիստին իր ներկայությունը ապահովելու համար։
Որպես խմբակցության ղեկավար արձագանքելով գործընկերոջս տեսաուղերձին՝ պետք է ասեմ, որ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ կետի 4-րդ ենթակետը՝ պատգամավորը կարող է ներկա լինել տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։
Այսպիսով, կսպասենք քեզ Ալեն Սիմոնյան ջան», - Facebook-յան իր էջում գրել է Խաժակյանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: