24/05/2018 12:40
Դատախազությունը գնացել է Երևանի թիվ 186 դպրոցի մասին Aysor.am-ի հրապարակումների հետքերով
Հայաստանի Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել Aysor.am-ի հրապարակումներին, և Երևանի թիվ 186 դպրոցում օրինախախտումների վերաբերյալ նյութերը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանություն։
«Երևանի թիվ 186 դպրոցի վերաբերյալ ձեր կայքում հրապարակված նյութերը ՀՀ դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները պարզելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով», - Aysor.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր այս դպրոցի խնդրին և տեղեկացրել, որ դպրոցում խոշոր չափի դրամահավաքներ են իրականացվում։ Այս դպրոցում աշակերտներին նույնիսկ խոստանում են «լավ» գնահատականներով ատեստատ՝ 200 հազար դրամի դիմաց։ Aysor.am-ը հրապարակել էր ատեստատի համար գումար տրամադրած աշակերտների անունները։