24/05/2018 14:54
Գրիչ չի լինի, ռեյտինգայինը կվերանա և հնարավոր է՝ մատների թանաքոտում. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները մեկնարկել են
Առաջիկայում, հավանաբար վարչապետի կամ կառավարության որոշմամբ, կստեղծվի հանձնաժողով՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու։ Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը կհամակարգի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, սակայն որպես դրա անդամ, արդեն իսկ ակտիվ է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Հանձնաժողովում լինելու են քաղհասարակության և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
«Մինչև աշխատանքային խմբի պաշտոնական կազմավորումը, մենք արդեն սկսել ենք բովանդակային քննարկումներ ծավալել, այդ թվում՝ քաղաքական ուժերի հետ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իոաննիսյանը։
Նրա ներկայացմամբ՝ առայժմ հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ, վաղը սպասվում է հանդիպում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հետ։ ՀԱԿ կուսակցության հետ ևս հանդիպման պայմանավորվածություն կա։
Հանրապետական կուսակցության հետ, Իոաննիսյանի փոխանցմամբ, հանդիպման փորձեր չեն արվել.
«Ենթադրում եմ Հանրապետական կուսակցության հետ պետք է լինի ինչ-որ քաղաքական պայմանավորվածություն, որը ես չպետք է ունենամ։ «Ելք» խմբակցության կամ գործադիր իշխանության ներկայացուցիչները պետք է պայմանավորվածություն ունենան, որից հետո կսկսենք բովանդակային քննարկումները։ Չեմ կարծում, որ Հանրապետականը շատ ուժեղ ընդդիմանա այս ամենին»։
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններին, Իոաննիսյանն ասաց, որ առաջին հերթին ամբողջությամբ վերանալու է վարկանիշային կամ ռեյտինգային ընտրակարգը։
«Դա ըստ էության, քննարկման առարկա չէ։ Գոնե ես, և ես հուսով եմ նաև, գործադիր իշխանությունը, քննարկման կամ «բազառի» առարկա չենք դարձնելու», - ասաց Իոաննիսյանը։
Անելիքների շարքում լինելու է նաև ընտրացուցակների մաքրումը, քանի որ. նրա խոսքով, 2.5 մլն ընտրող Հայաստանում պարզապես չկա։ Այս առնչությամբ աշխատանքային խումբը պատրաստվում է աշխատել և ոստիկանության, և Ազգային անվտանգության ծառայության հետ։
«Մենք մտադիր ենք հարցը քննարկել ԱԱԾ-ի հետ, որովհետև հենց ԱԱԾ-ն է վարում սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգը, որ հասկանանք՝ ինչ տեխնիկակակն լուծումներ կարող են լինել ցուցակների մաքրման հարցում, որովհետև ցուցակները պետք է միանշանակ մաքրվեն», - նշեց Իոաննիսյանը։
Բուն քվեարկության գործընթացի վերաբերյալ, նրա խոսքով, դժվար թե կտուկ փոփոխություններ տեղի ունենան. կպահպանվեն գունավոր ու մի քանի քվեաթերթիկների մեխանիզմը, բայց կվերացվի գրիչը և այն չի լինի քվեախցիկում։
«Ընտրողը կարող է մտնել քվեախցիկ, վերցնել ընտրություններին մասնակից կուսակցությունների կամ դաշինքի գույնով քվեաթերթիկը և դնի ծրարի մեջ։ Այսինքն՝ ըստ քվեաթերթիկի գույնի որոշվի, թե որ ուժի օգտին է քվեարկել ընտրողը։ Այսպիսով, մենք ձերբազատվում ենք այն վեճերից, թե արդյոք վանդակի մեջ է «պծիչկան», թե վանդակից դուրս է եկել։ Եվ բացի այդ, կվերանա գրիչի գույների մշտական խնդիրը», - նշեց Դանիել Իոաննիսյանը։
Փոփոխություններ են կատարվելու նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ դաշինքների քարոզարշավների ֆինանսավորման մեխանիզմներում ու Իոաննիսյանի խոսքով, «նվազեցնել փողի դերը»։ Նրա խոսքով՝ մտադիր են ավելացնել Հանրային հեռուստատեսությամբ եթերի քանակը, որպեսզի այն ուժերը, ովքեր չունեն ֆինանսական միջոցներ, կարողանան անվճար եթերաժամ ունենալ՝ ընտրողներին իրենց ծրագրերը ներկայացնելու համար։
Կպահպանվեն էլեկտրոնային գրանցման համար նախատեսված տեխնիկական սարքավորումները, ավելին, հնարավոր է ավելանա մատների թանաքոտումը։
«Քննարկվում է անգույն թանաքով մատները թանաքոտելու տարբերակը, որը միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ է երևում։ Արտաքնապես մատի վրա ոչինչ չի երևում։ Վրացական մեխանիզմ է անգույն թանաքը օգտագործելը։ Մենք փորձում ենք առավելագույն մեխանիզմները ներդնել, որ կրկնաքվեարկությունը բացառվի», - նշեց Դանիել Իոաննիսյանը։
Բացի այդ, ծրագրվում է բոլոր ընտրատեղամասերում ունենալ տեսախցիկներ։