24/05/2018 17:51
Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում ընթացող ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը չէր բավարարել փաստաբանի միջնորդությունը Եղնուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու մասին և փոխարենը որոշել էր 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան։
Նրա հարազատները դատարանին ներկայացրին բանկ վճարած գումարի կտրոնը, և դատարանը համարեց գրավը մուծած։
Փաստաբանը մեզ հետ զրույցում նաև պնդել էր, որ դատավորի որոշումն անօրինական է և պատրաստում են բողոքարկել այն։
Նկատենք, որ ավելի վաղ, երբ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, ԱԺ պետա-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովոի նիստերից մեկում հայտարարել էր, որ Կարո Եղնուկյանը քաղբանտարկյալ է։ Նա քաղբանտարկյալ համարել էր նաև Անդրիաս Ղուկասյանին։ Նրանք երկուսն էլ այժմ ազատության մեջ են։ Վարչապետ դառնալուց և առաջ, և հետո Փաշինյանը հայտարարում էր քաղբանտարկյալներին ազատելու անհրաժեշտության մասին։