24/05/2018 11:27
ՀԱՊԿ ԽՎ ժամանակ Կորյուն Նահապետյանը բարձրացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
Մայիսի 23-ին Բելառուսի Բրեստ քաղաքում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանը և Տիգրան Ուրիխանյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ Կորյուն Նահապետյանը բարձրացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, ինչին ի պատասխան Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է. «Եթե երբևէ Հայաստանին որևէ վտանգ սպառնա ու Հայաստանի նկատմամբ որևէ երկրի կողմից կիրառվի ցանկացած տիպի, այդ թվում նաև այդ զինատեսակները, մենք կկատարենք պայմանագրային մեր բոլոր պարտականություններն ու պատրաստ կլինենք նույնիսկ զոհվել մեր հայ եղբայրների հետ իրենց անվտանգության համար»:
Հայկական կողմի առաջարկով հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում ներառվել է նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած կիբերանվտանգության ոլորտին վերաբերող բանաձեւի նախագիծն ու մոդելային օրենքի մշակման առաջարկությունը: