24/05/2018 11:57
Տարոն Մարգարյանն Ալեն Սիմոնյանի լիազորություններն ավագանիում դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն է ուղարկել ԿԸՀ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել արձանագրություն` Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազարությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ:
Aysor.am-ի հետ զրույցում ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հաստատեց, որ հանձնաժողովը ստացել է նման արձանագրություն քաղաքապետից, և այն կքննարկվի ԿԸՀ առաջիկա նիստում:
«Արձանագրությունում նշված չէ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հիմնավորում», - ասաց Հերմինե Հարությունյանը:
Ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը «Ելք» դաշինքի ցուցակով անցել էր խորհրդարան` հաշվի առնելով, որ «Ելք» խորհրդարանական խմբակցության մի քանի անդամներ տեղ էին գտել կառավարությունում, սակայն հրաժարվել էր պատգամավորական մանդատից:
Այս օրերին քննարկումներ կային, որ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է առաջադրվել Երևանի քաղաքապետի պաշտոնին: