24/05/2018 13:26
Լավ եմ արել, կազինո եմ գնացել. Ալեն Սիմոնյանն արձագանքում է Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրեն մանդատից զրկել է՝ օգտվելով «իրավական բացերից, ծուղակներից»։
«Այդ քայլը իրավական առումով շատ վիճելի է և մեծ հաշվով, անիրավական։ Փաստացի ինձ հնարավորություն չի տրվել, որ ես կարողանամ ընտրություն կատարել։ Ինքը դա արել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ արել է, որպեսզի ձերբազատվի ինձնից Երևանի քաղաքապետարանում», - իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ Սիմոնյանը ԱԺ պատգամավորի պաշտոնում երդվելուց հետո հայտարարեց, թե վայր է դնում պատգամավորական մանդատը, միաժամանակ գրություն էր ուղարկել Երևանի քաղաքապետին տեղեկացնելով այդ մասին։ Սակայն այսօր արդեն Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազարությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Սիմոնյանի կարծիքով, Տարոն Մարգարյանը խուճապի մեջ է։
«Ես շարունակելու եմ զբաղվել Երևանի խնդիրներով։ Ցավալի է, որ նման մեթոդներով Տարոն Մարգարյանը և ՀՀԿ-ն փորձում են դիմադրել։ Չի ստացվելու», - հայտարարել է Սիմոնյանը։
Նա նաև անդրադարձել է իր մասին տարածվող տեղեկություններին, թե ինքը «կազինո» է գնացել. «Լավ եմ արել «կազինո» եմ գնացել։ Ի դեպ, ասեմ, որ ես պետական պաշտոնյա չեմ եղել, պետության փողերը չեմ գողացել ու կարող եմ իմ ժամանցն անցկացնել օրենքով սահմանված յուրաքանչյուր ձևով։ Կրկնում եմ՝ չի օգնելու»։