24/05/2018 12:07
Փաշինյանը հորդորել է Չուգասզյանին դադարեցնել հացադուլը
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը:
Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս հանդիպել էր «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանին՝ հորդորելով չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը:
Գարեգին Չուգասզյանը դուրս էր եկել ընդհատակից և կալանավորվել ապրիլի 24-ին: Նույն օրը նա անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի գործող ադմինիստրացիան, մինչև սույն թվականի մայիսի 27-ը, անհապաղ նախաձեռնի Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալների ազատման գործընթացը:
Նա հույս էր հայտնել, որ մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ լայնամասշտաբ համաներում կհայտարարվի: